Ի՞նչ է նշшնшկում դшս չկա, դրա հшմար չենք հшրգել հիշшտակը․․․

Հրապարակ-ը գրում է։ Շաբաթ օրը առավոտյան հանկարծամահ եղավ հանրության սիրված դերասաններից մեկը` Լալա Մնացականյանը: Բացի այն, որ Լալա Մնացականյանը խաղում էր թատրոնում և կինոյում, նա նաև երկար տարիներ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր էր…Սակայն դերասանուհու անժամանակ մահվան առիթով Թատերականում չստեղծվեց հիշատակի անկյուն, անգամ դերասանուհու լուսանկարը չտեղադրվեց, մի փունջ ծաղիկ Թատերականի տնօրինությունը չդրեց բուհի միջանցքում…

Բուհի խոսնակը այսպիսի տարօրինակ պարզաբանում էր տարածել. «Քննաշրջանի վերջին օրերն են, ուստի՝ ինստիտուտը բազմամարդ չէ։ Երեկ և այսօր բուհի աշխատակազմը, դասախոսներն ու ուսանողները մասնակցել են մեր սիրելի ընկերոջ և գործընկերոջ հոգեհանգստյան և հուղարկավորության արարողություններին»..

Փաստորեն, մարդու հիշատակը հարգում են ի ցույց ինչ-որ մարդկանց, ձևական և քանի որ բուհը բազմամարդ չէ, կարելի է նաև անտեսել հիշատակը…

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանը «Հրապարակի» հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, որ Լալա Մնացականյանի համար հիշատակի անկյուն թատերականում չի ստեղծվել: Նա նշեց, որ թատերականում ավանդույթ է եղել մահացած դասախոսների հիշատակը հարգելը, իսկ թե ինչու է բուհի նորընտիր ռեկտոր Սառա Նալբանդյանն իր պատվից վեր համարել նման միջոցառում կազմակերպելը, Արզումանյանի համար առնվազն տարօրինակ է. «Երբ դասախոս էր բուհում մահանում պարտադիր նկար էր դրվում, ծաղիկներ….

Հրաչյա Ղազարյան, Վահե Շահվերդյան, էլի անուններ, որոնք հիմա չեմ մտաբերում: Նրանց հիշատակը պարտադիր հարգել ենք, դա պարտադիր ավանդույթ էր Թատերականում: Լալայի համար ոչինչ չե՞ն արել, զարմանալի է: Ի՞նչ կապ ունի դաս լինելը, ի՞նչ է նշանակում դաս չկա, դրա համար չի արվել ոչինչ: Պետք է ռեկտորն ինքը պատասխանի` ինչո՞ւ է այդպես որոշել: Մենք ինչի՞ց ենք զարմանում, ոչ մի արժեք հիմա չի պահպանվում», — եզրափակեց Արզումանյանը։

Leave a Comment